Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՋՈՒՐ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՍԱՌԸ ՋՈՒՐ

ՋՈՒՐ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՍԱՌԸ ՋՈՒՐ
11.06.2010 | 00:00

Արդեն մի քանի շաբաթ է` ջրի կարոտ են Նորք-Մարաշ թաղամասի բնակիչները, որոնք իրենց բողոքի զանգերով վերջին օրերին ուղղակի «ռմբակոծում» են խմբագրությունը։ Չէ, իհարկե, նրանք լավ գիտեն, որ ջրի «վինտիլը» խմբագրությունում չի գտնվում, բայց երբ մարդիկ պարբերաբար պատկան կառույցներին են դիմում, իսկ խնդիրը չի լուծվում, ճարահատ ձեռքները ԶԼՄ-ների «փրփուրներին» են գցում։
«Ամեն տարի նույն պատմությունն է. հենց «Ջրաշխարհի» դռները բացվում են, մեր ջրերը կտրվում են։ Է, ինչո՞ւ են Գառնիից եկող ջուրն օգտագործում, թող միանգամից Սևանա լճից խողովակ քաշեն, հա՛մ գովազդը մեծ կլինի, հա՛մ էլ ձկան առևտուր կանեն։ Ի վերջո, մեկնումեկն այս ամենաթողությանը վերջ կդնի՞, թե՞ ոչ»,- այսպես, մեկը մյուսին ընդհատելով, գանգատվում են բնակիչները` ջուր չունենալու պատճառը տեսնելով «Ջրաշխարհի» գործունեության մեջ։ Վերջիններիս համոզմամբ` «Ջրաշխարհի» ղեկավարությունը «լեզու է գտել» «Երևանջուր» ընկերության տնօրենության հետ, ինչի արդյունքում իրենց հասանելիք խմելու ջուրը տեխնիկական նպատակներով տրվում է «Ջրաշխարհին»։ Եթե այդպես է, ապա, կարծում ենք, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ փոխհամաձայնեցված հանցագործություն։ Սակայն մենք որոշեցինք չշտապել և խնդիրը պարզել բոլոր կողմերի հետ։ «Մենք տեղյակ ենք Նորք-Մարաշ թաղամասի խնդրին, և պետք է ասեմ, որ ամռան շրջանում նույն խնդրին են բախվում նաև այլ թաղամասերում։ Հարցն այն է, որ ջրամբարում ջուրը քիչ է կուտակվում, պատճառը ջրատարից անօրինական միացումներն են։ Այժմ մենք ուսումնասիրություններ ենք կատարել, մասնավորապես Նորք-Մարաշ թաղամասում, և հունիսի 8-ի դրությամբ հայտնաբերել ենք շուրջ 30 ապօրինություն։ Ինչ վերաբերում է «Ջրաշխարհի» գործոնին, ապա այն բացառված է։ Ի դեպ, այս նույն հարցադրումը սպառողները բարձրացրին նաև մեկ տարի առաջ, ինչի հիման վրա կազմվեց հատուկ հանձնաժողով, որում ընդգրկված էին նաև հասարակական կազմակերպություններ։ ՈՒսումնասիրությունները փաստեցին, որ «Ջրաշխարհը» տեխնիկական նպատակներով օգտագործում է արտեզյան ջուր։ Ի դեպ, մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչները ևս բողոքում էին ջրամատակարարումից և նշում, որ պատճառը «Ջրաշխարհն» է։ Նման բան ուղղակի հնարավոր չէ ոչ միայն այն պատճառով, որ թաղամասը ջուրը ստանում է արտեզյան հորատանցքից, այլև այն պարզ տրամաբանությամբ, որ Մալաթիա-Սեբաստիա թաղամասը և «Ջրաշխարհը» տարբեր ջրամբարներից են սնվում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Երևանջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ։ Այդ դեպքում հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ ջրամատակարարումն ամռան շրջանում կտրուկ վատթարանում է, և ինչո՞ւ Նորք-Մարաշ թաղամասի շուրջօրյա ջրամատակարարումն ամռան սկզբին դադարել է։ «Վերջին օրերին շատ շոգ էր, և մարդիկ խմելու ջուրն օգտագործում էին իրենց լողավազանները լցնելու կամ այգիները ջրելու նպատակով։ Ինչպես նշեցի, լայնածավալ ուսումնասիրություն ենք իրականացնում, և 30 ապօրինի դեպք արդեն հայտնաբերվել է։ Կարծում եմ` էլի կլինեն»,- պարզաբանեց Ռ. Նազարյանը։ Չենք բացառում, որ սպառողները, թերևս, խմելու ջրով այգիներ են ջրում, սակայն ինչո՞ւ. սա կարևորագույն հարցերից մեկն է, իսկ պատասխանը մեկն է` թալանված են ոռոգման համակարգերը։ Այս դիտարկումը խիստ կարևոր համարելով` մեր զրուցակիցն ընդգծեց, որ խնդիրը քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ ներկայացվել է, եղել է քաղաքապետի հանձնարարականը` խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Եվ այսպես, «Երևանջուրը» բացառում է «Ջրաշխարհի» գործոնը, բայց չի բացառում ջրագողությունը։ Մենք հետամուտ կլինենք և առաջիկայում կփորձենք ճշտել` քանի՞ ապօրինի ջրագիծ է անջատվել, և որքա՞ն տուգանք է վճարվել։ Իսկ մինչ այդ, քանի որ «Երևանջուր» ընկերության պատասխանատուն նշեց հասարակական կազմակերպությունների մասնակցության մասին, զրուցեցինք նաև Սպառողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԻ հետ։ Նա ևս բացառեց «Ջրաշխարհի» կողմից խմելու ջուրը տեխնիկական նպատակներով օգտագործելու փաստը. «Եթե անգամ «Ջրաշխարհը» «լևի» գիծ օգտագործի «Երևանջուր» ընկերության համաձայնությամբ, ինչպես պնդում են քաղաքացիները, դա ավելի թանկ կարժենա, քան արտեզյան ջրի վճարը։ Այնպես որ, զուտ տնտեսական առումով ընկերության համար դա շահավետ չէ։ Իսկ ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում ջրի կորուստները, և՛ առևտրային, և՛ տեխնիկական պատճառներով, շատ մեծ են։ Ձմռանը ջրամատակարարումն ավելի կանոնավոր է իրականացվում, իսկ ամռանը խնդիրն է՛լ ավելի է սրվում։ Կարծում եմ, դա պայմանավորված է նաև սպառողների կողմից ապօրինի ջրամիացումներով»։ Միևնույն ժամանակ նա հորդորեց սպառողներին ուշադրություն դարձնել սպառված ջրի դիմաց վճարված կտրոնին, քանի որ դրա վրա նշված են բաժանորդին ջուր մատակարարելու ժամերը։ Եթե նշված ժամերից քիչ է ջուր մատակարարվում, ապա սպառողը կարող է «Երևանջրից» փոխհատուցում պահանջել։ Ինչևէ, կարծում ենք, նյութը թերի կլիներ, եթե խնդրի շուրջ չզրուցեինք «Ջրաշխարհի» սեփականատեր, ավելի ստույգ` «X գրուպ» ընկերության նախագահ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։ «Շուրջ տասը տարի է, այդ նույն երգը երգում են»,- մեզ հետ հեռախոսազրույցում այսպես մեկնաբանեց նա ջրի սակավությունը «Ջրաշխարհի» հետ կապելու խնդիրը։ Ինքնին հարց առաջացավ. այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ մարդիկ տասը տարի միևնույն «երգն են երգում», ո՞րն է դրա պատճառը։ Մեր այս հարցին Խաչիկ Խաչատրյանը հստակ պատասխան չուներ և երևի թե դրա համար որոշեց կատակել. «Դե, եթե մարդկանց դուր է գալիս նույն երգը երգելը, թող երգեն, ինչ ասեմ»։ Եվ այսպես, բոլոր կողմերը բացառեցին «Ջրաշխարհի» գործոնը, անգամ այն տեղիք տվեց հումորի, սակայն բոլորովին ծիծաղելի չէ այն փաստը, որ մի ամբողջ թաղամասի բնակիչներ օրերով մնում են առանց ջրի։ Գուցե իսկապես անհրաժեշտություն կա խնդրի խորքային ուսումնասիրության։ Կարծում ենք, քաղաքապետարանը, որը «Երևանջուր» ընկերության պետական բաժնետերն է, խորամուխ կլինի այս հարցում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ